Այս օրերին Ծաղկաձորում անցկացվեց Հայաստանի KBH-ի դպրոցական լիգայի ամառային գավաթի խաղարկությունը։ Ուրախների և հնարամիտների ակումբը մեր երկրում լավ անվանդույթներ ունի։ Ժամանակին «Շարմ» և «Նոր հայեր» թիմերը եղանակ էին ստեղծում KBH-ի աշխարհում։ Վերջին շրջանում, սակայն, ուրախների և հնարամիտների շարժումը Հայաստանում հետընթաց է ապրել, համենայն դեպս, լուրջ թիմեր ասպարեզում չկան։
KBH-ի դպրոցական լիգայի պրոդյուսեր Նարեկ Արշակյանը մեզ հետ զրույցում նշում է, որ վերջին տարիներին KBH-ի դպրոցական լիգայի աշխատանքներն ուղղված են Հայաստանում ուրախների և հնարամիտների շարժման զարգացմանը։ KBH-ի դպրոցական լիգան աշխատում է երևանյան 12 դպրոցի ավագ դասարանների աշակերտների հետ։ Նարեկ Արշակյանը նշում է, որ նպատակ ունեն ընդլայնել ծավալներն ու շարժման մեջ ընդգրկել նաև այլ դպրոցների ուրախների և հնարամիտների։ Հեռանկարում կա նաև մարզային կրթօջախներում զարգացնել այս շարժումը։
Նարեկ Արշակյանը նկատում է, որ մեր դպրոցականները մեծ ներուժ ունեն, և նայելով այսօրվա երեխաներին՝ կարելի է ասել, որ հայկական հումարը լավ ապագա ունի։ Պատահական չէ, որ հիմքը դրվում է դպրոցականների շրջանում, քանի որ հենց նրանք են մեր ապագա ուրախներն ու հնարամիտները։ Նարեկ Արշակյանը նշում է, որ դպրոցներում այդ երեխաների հետ աշխատում են հատուկ մասնագետներ, ում ջանքերի արդյունքները հետագայում երևան կգան։ Նա նաև նկատում է, որ հումորն անմիջականորեն կապված է մարդու ինտելեկտուալ մակարդակի հետ։
Պատասխանելով մեր այն հարցին, թե ինչու «Շարմից» և «Նոր հայերից» հետո KBH-ի հիշարժան թիմեր մեր երկրում չեն ձևավորվում՝ դպրոցական լիգայի պրոդյուսերը նկատեց, որ սերնդափոխության համար աշխատանք չի տարվել, և արդյունքում առաջացել է մեծ բաց, որը փակելու ուղղությամբ այսօր քայլեր են ձեռնարկվում։
Որպես կանոն, KBH-ի լեզուն ռուսերենն է։ Ներկա սերունդն այսօր ռուսերենին լավ չի տրիապետում։ Նարեկ Արշակյանը, սակայն, դա խնդիր չի համարում։ Ըստ նրա՝ լեզուն խոչընդոտ չի կարող լինել մրցույթը զարգացնելու համար։ «Մենք սովոր ենք ինտելեկտուալ հումորը լսել ռուսերենով, սակայն հայերենն էլ հումորի շատ լավ արտահայտչամիջոց է»,- ասում է Ն. Արշակյանը։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ